«Ապրումակցումի մանկավարժություն»

Հետաքրքիր էր ծանոթանալ «Ապրումակցային մանկավարժության» շարքի հոդվածներին: Յուրաքանչյուր միտք, եզրահանգում, վերլուծությունն ընթերցելիս զուգահեռներ եմ տարել իմ աշխատանքի հետ: Մինչ սովորողների հետ շփումը, մանկվարժությունն ինձ համար կարևոր, խիստ պատասխանատու գործ էր, գիտելիքներ փոխանցելը՝ առաջնային նպատակ: Աշխատանքի ընթացքում բացահայտեցի, որ մանկավարժությունը հենց կյանք է, սովորողների օրվա, ամսվա, տարվա ու տարիների մի մասն է, միասին ապրելու, բացահայտելու, ուրախանալու, հրճվելու, իրար հետ խոսելու, կիսվելու, իրար լսելու պահերն է:

Կրթահամալիրում աշխատանքի եմ անցել 2019թ-ին ՝ որպես փոխարինող դասվար: Աշխատանքի առաջին շրջանում խիստ պատասխանատվության զգացումն առաջացնում էր լարում, չսխալվելու, չձախողելու լարում: Մի քանի օր անց սկսեցի վայելել աշխատանքս և կարծում էի, որ ինչ-որ բան այն չէ. պետք է լիներ դժվար, մի՞թե ուսուցչի գործը կարող է այսքան սեր, ջերմություն տալ, ուսումնական գործընթացը կարո՞ղ է լինել այսքան հավես, դինամիկ, ուրախ, գունեղ: Չկային իմ դպրոցական տարիների քառակուսիները, աշնան մասին խոսելիս ոչ մի կաթիլ տխրություն, մշուշի, թախիծի մասին ոչ մի միտք երրորդ դասարանի սովորողներից. մտածում էի՝ երևի ինչ-որ բան սխալ եմ անում:Ես էլ սովորողների հետ ամեն ինչի մեջ գույն, ուրախություն ու հրճվանք էի տեսնում:

2020թ.-ից աշխատում եմ այդ տարի ընդունված 6 տարեկանների հետ: Աշխատանքի սկզբում 5 -6 տարեկան սովորողի, երեխայի համար կարևոր է վստահությունը, ապահովության զգացումը, որ ուսուցիչը կարող է փոխանցել սովորողին մեկ հոգատար,սիրառատ հայացքի միջոցով: Հոդվածում խոսվում էր ժպիտի, ուրախության մասին: Եթե սովորողը, դասվանդողը ժպտերես է, ունի հումորի զգացում և դասի ընթացքում չի դրսևորել սա, կարծում եմ՝ դասը արհեստական է:

Որպես հիմք կառանձնցեմ այս միտքը. «մանկավարժությունից դեն նետենք արհեստականությունը, ձևականությունը, իներցիայի ուժը և վստահենք ուսուցչի մտքին և սրտին: Եվ ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Կարծում եմ յուրաքանչյուր դասավանդողի մանկավարժությունը իր սրտի, մտքի թելադրանքն է, դասապրոցեսում արտահայտվում է թե՛ սովորողի, թե՛ ուսուցչի բնավորւթյունը,հետաքրքրությունը: Մանկավարժությունը դասավանդողի անցած ամեն օրվա փորձն է: Հոդվածում հետաքրքիր էր սովորողների հետ հարաբերությունների նկարագրումը, փոխադարձ վստահությունը, երբ սովորողն անհամբեր սպասում է իր համար կարևոր նորությամբ կիսվելուն, երբ սովորողի համար դու ավագ ընկեր ես, կպատմի, կխոսի քեզ հետ այնպես,ինչպես իր մյուս ընկերնեւի հետ: