«ԿԱՔԱՎԻԿ» ԸՆՏԱՆԵԿԱՆ ՌԱԴԻՈԹԱՏՐՈՆ․տեղեկանք

«ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնն իրականացնում են Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ընտանիքի անդամները։ «ԿԱՔԱՎԻԿ» ռադիոն բոլորի համար սիրելի ու հարազատ նախագիծ է դարձել, քանի որ այն իրականացնում ենք առաջին դասարանից։ 2020-21 ուստարում սովորողները ներկայանում էին «Ես» նախագծի շրջանակում, պատմում իրենց, ընտանիքի, նախասիրությունների, սիրելի խաղալիքի, տան, բակի, ընտանի կենդանիների մասին։ Ռադիոն օգնեց սովորողներին բանավոր խոսքի ձևավորման առաջին քայլերում, ծնողները, ընտանիքի անդամները ռադիոն իրականացնելով, անմիջապես ներգրավվեցին կրթահամալիրի օրացույցով սահմանված նախագծերին, ծանոթացան միջավայրին, ռադիոն ընկալեցին որպես ուսումնական գոծիք։

Երկրորդ դասարանում իրականացնում ենք «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնի երկրորդ եթերաշրջանը։ Շեշտն այս տարի դնում ենք ընթերցանության, կարդացածը ներկայացնելու հմտությունների զարգացման վրա։ Սովորողների, ընտանիքի անդամների հետ ընթերցում, պատմում են իրենց սիրելի ստեղծագործությունները։ Դասարանում լսում ենք ռադիոնյութերը՝ զարգացնելով լսելու, որպես ունկնդիր ռադիոն ընկալելու հմտությունները։

Որպես գլխավոր ձեռբերում՝ կնշեմ ընտանեկան դպրոցների ակտիվ մասնակցությունը նախագծին, սովորողների ազատ ու անկաշկանդ խոսքի ձևավորման ու զարգացման ընթացքը։ Որոշ սովորողներ դժվարություններ ունեն տեսանյութերում երևալու, տեսախցիկի առաջ անկաշկանդ խոսելու մեջ, ռադիոն այս առումով լավ միջոց է սովորողին բարդույթներից ազատելու համար։

Նախատեսում ենք շարունակել աշխատանքը նաև ամռան ամիսներին։ Ընտանեկան դպրոցները կներկայացնեն նոր, հետաքրքիր ընթերցումներ։

«ԿԱՔԱՎԻԿ» ՌԱԴԻՈ #28

Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները, ծնողները, ընտանիքի անդամները ներկայացնում են «ԿԱՔԱՎԻԿ» ընտանեկան ռադիոթատրոնը։ Այս ռադիոթողարկմանը կներկայանում է Սաթենիկը։ Նա ընթերցում է Ջանի Ռոդարիի «Սխալ արձագանքը»: