Ատամը փոխած
Ղազարոս Աղայան
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կտամ
Հարյուր տարի
Հազար բարի.
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Ոսկի՜ ատամ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Գտի՛ր հետևյալ բառերի հականիշները.
բարի —
նոր –
2. Ի՞նչ է նշանակում ոսկի ատամ:
3. Ի՞նչը կարող է ոսկի լինել: Կազմի՛ր բառակապակցություններ:
4. Նշի՛ր բանաստեղծության համեղ բառերը:
5. Իսկ դու ի՞նչ կարող ես առաջարկել քո նոր ատամին: