«Անբան Հուռին»

Մաս 1-ին

Լինում է, չի լինում մի կնիկ: Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը
Հուռի: Մի ծույլ, անշնորհք աղջիկ: Օրը մինչեւ իրիկուն պարապ-սարապ նստած:
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.

Բամբակը կորիզոտ է:

Մաստակ պիտի, որ ծամեմ,

Կըտերը տիտիկ անեմ,

Անցնողին մըտիկ անեմ.

Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ:
Հարեւանները անունը դնում են Անբան Հուռի: Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձեւող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի- հրեղեն, մատները՝ ոսկի:

Մաս 2-րդ
Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում: Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա: Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տուն: Մի քանի ժամանակից ետը մի տասը- քսան բեռ բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ, տանեմ ծախեմ,
հարստանանք:
Անբան Հուռին էլ իրեն համար մաստակ ծամելով ման է գալի: Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են.

Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,- ձեն է տալի անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…

Բե՛ր, բե՛ր, բե՛ր…
Անբան Հուռին ուրախանում է: Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը:

Դե գզեցե՛ք, մանեցե՛ք: Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ
ծախենք:
Գնում է, մի քանի օրից ետ է գալի: Գորտերը էլի կռկռում են. — Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք::
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում: Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը:

Վո՜ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, հա՛մ գզել ու մանել են, հա՛մ խալիչա են գործել իրենց համար:
Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի.

Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք:
Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը: Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի: Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի: Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է ասում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն:
Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս: Գալիս է տեսնում իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր:

Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է:
Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է:
Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք: Զոքանչին
հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է ասում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել: Քեֆ է սարքում, նստում են քեֆի:

Մաս 3-րդ
Զոքանչը խորամանկ կին է լինում: Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի: Քեֆի լավ ժամանակ մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում: Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին: Ասում է.

-Բարո՜վ եկար, մորքո՛ւր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երեւում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…
Փեսեն մնում է զարմացած: Ասում է. Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է…
Զոքանչը թե. Ա՛յ որդի, քեզանից ի՞նչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորաքույրն է: Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ: Մեր ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենք: Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում:
Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա:

Առաջադրանքներ՝

  1. Հեքիաթում նշի՛ր անծանոթ բառերը եւ առցանց բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Փորձի՛ր բացատրել հետեւյալ դարձվածքները:
    ձայնը գլուխը գցել
    աչքովն ընկնել-
    ականջն ընկնել-
    մատները ոսկի-
    օրը մինչեւ իրիկուն-
    ձեռը բան չտալ
  3. Հեքիաթից գտի՛ր Հուռիին բնութագրող բառերը, մի քանիսն էլ դու ավելացրո՛ւ:
  4. Պատմի՛ր Հուռիի մոր մասին:
  5. Տեքստից գտի՛ր և լրացրո՛ւ բաց թողնված բառերը:
    Ա) Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
    (Ի՞նչը) կորիզոտ է
    Բ) (Ո՞վ) էլ իրեն համար մաստակ ծամելով ման է գալի:
    Գ) Քեֆի լավ ժամանակ մի (ի՞նչ) է ներս մտնում ու բըռռացնելով (ի՞նչ է անում) սենյակում:
  6. Եթե բզեզը չլիներ, հեքիաթն ինչպե՞ս կավարտվեր: Հորինի՛ր նոր ավարտ հեքիաթի համար, մուտքագրի՛ր:
  7. Նամակ գրի՛ր՝
    Հուռիին, ամուսնուն՝ այրիկին՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s