Աստրիդ Լինդգրեն. Էմիլի արկածները

Էմիլի արկածները. Մաս 1

Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:

Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:

Այս անգամ էլ հայրը Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …

— Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:

Նա մտքի մեջ ընկավ, հետո մի անգամ էլ չորս կողմը նայեց: Հենց այդ ժամանակ էլ նկատեց, որ ցախատանը շատ մոտ գտնվող մառանի պատուհանը բաց է: Նրա գլխում իսկույն մի միտք փայլեց. Մի պատուհանից մյուսը տախտակ դնել և դրա վրայով մտնել մառան: Ճիշտն ասած, նա շատ էր հոգնել ցախատանը նստելուց և լավ էլ քաղցած էր:

Էմիլը երկար մտածել չէր սիրում: Մի վայրկյան անց տախտակը դրված էր, և Էմիլը սողում էր նրա վրայով:

Տախտակը ճռճռում ու ճկվում էր: Երբ Էմիլը ցած նայեց ու տեսավ եղինջի բարձր թփերը, վախից ճոճվեց, բայց շարունակեց սողալ և վերջապես հասավ մառան: Նա ետ հրեց տախտակը, որն անհետացավ ու շրխկոցով ընկավ ցախատան տախտակների վրա: Էմիլը գոհ էր իրենից, նա վազեց դեպի դուռը, բայց դուռը փակ էր:

— Այդպես էլ գիտեի, — հոգոց հանեց Էմիլը:- Բայց ոչինչ, շուտով նրանք կգան երշիկ վերցնելու, այն ժամանակ գնդակի նման դուրս կթռչեմ այստեղից:

Նա  սկսեց հոտոտել: Մառանը լցված էր համեղ հոտերով: Շուրջը նայեց: Այ քեզ բա՜ն: Ինչքա՜ն ուտելիք կա: Իսկ մեջտեղի դարակում տնական երշիկներն են: Ինչ ճիշտ է, ճիշտ է՝ Էմիլը տնական երշիկ սիրում է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տրված բառերով ու արտահայտություններով զույգեր կազմի՛ր: Կարող ես նշել նույն գույնով:

Ա խումբ

դուրս գալ

մտածել

հանկարծակի մի բան մտածել

հառաչել

Բ խումբ

հոգոց հանել

մտքի մեջ ընկնել

գլխում միտք փայլել

դուրս պրծնել

  • Ըստ այս պատմության՝ ինչպիսի՞ն էր Էմիլի հայրիկը:
  • Ինչպիսի՞ն էր Էմիլը: Ճիշտ պատասխանն ընդգծի՛ր:

Խելացի, չարաճճի, լսող, հիմար, միամիտ, կռվարար, ճարպիկ, համառ, հետաքրքրասեր:

  • Դու Էմիլին ինչո՞վ ես նման:
  • Իսկ ինչո՞վ ես տարբեր նրանից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s