Ամպը չորս երեխա ունի: Չորսին էլ լավ ճանաչում եք:
Մեծը հաճախ է գալիս, խփում տանիքներին, աղմկում տանիքների վրա: Երբեմն էլ կարծես գժվում է՝ թափվում է ու թափվում, գետերն է լցվում, դրանք էլ հորդանում են, ափերից դուրս գալիս, ծածկում ամեն բան:
Նա վատը չէ, ընդհակառակը՝ այնպե՜ս է ծառ ու ծաղիկ սիրում, իջնում է, զովացնում ծարավ կանաչներին, ջուր տալիս չորացած հողին:
Նրա քույրը ճերմակ աղջիկ է: Ցրտերը վրա հասնելուն պես փռում է իր փափուկ վերմակը մերկ անտառների ու դաշտերի վրա, որ փոքրիկ սերմերը չմրսեն հողի տակ:
Բայց ի՜նչ չար է սրանց եղբայրը: Գալիս է քամու հետ, որն իր նման խենթ է, փշրում է ծառ ու ճյուղ, փչացնում արտ ու խոտ՝ իբր թե կատակ է անում:
Բոլորից փոքրը պստիկ, քնքուշ աղջիկ է: Գարնան գիշերներին մարգարիտներ է շարում ծաղիկների ու խոտերի թերթերին: Ձմռան ցրտին նա մեր պատուհանների ապակիներին իր պաղ մատիկներով գեղեցիկ նախշեր է գծում:
Ահա ամպի չորս երեխաները՝ Անձրևը, Ձյունը, Կարկուտը և Ցողիկը:
Ասացի չէ՞, որ չորսին էլ լավ եք ճանաչում:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ամպի ո՞ր երեխան է.
տանիքների վրա աղմկում —
ապակիների վրա նկարում —
ծառ ու ճյուղ փշրում —
պաշտպանում փոքրիկ սերմերին —
2. Դու ո՞ւմ կնմանեցնես Ցողիկին, Անձրևին, Ձյանը, Կարկուտին:
Իմ կարծիքով Ցողիկը նման է
Անձրևը
Ձյունը
Կարկուտը
3. Նկարի՛ր ամպի որդիներին և պատմի՛ր նրանց մասին:
4. Իսկ դու նրանցից ո՞ւմ ես նման:
5. Հորինի՛ր. Արևի երեխաները