Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:
Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:
Հանելուկներ՝ Ուլուլիկ, պուլուլիկ,Մեջը դեղին ուլունք:Տուն ունեմ, դուռ չունի,Դուրսն արծաթ, մեջը ոսկի:Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:Կարաս ունեմ մի պուճուր,Մեջը՝ երկու գույնի ջուր:Պատմություններ՝
Զատկին առնչվող առաջին բանը ձուն է: Ինչո՞ւ են ձվերն այդքան առատ Զատկին: Պատճառն այն է, որ ձուն նոր կյանքի սաղմն է: Հռոմեացիները հավատում էին, որ «Կյանքը սկսվում է ձվից»: Քրիստոնյաները համարում էին, որ ձուն «կյանքի սերմն է»: Զատիկը խրհրդանշում է նոր կյանք` Հիսուսի Հարությամբ: Բնականաբար, ձուն դարձել է նոր կյանքի և քրիստոնյա աշխարհի հարության կատարյալ խորհրդանիշը: Ներկած ձվերի պայծառ գույները խորհրդանշում են մարդկանց ուրախությունը Հիսուսի Հարության առթիվ: Զատկական ձվերի խորհրդանշական լինելը պայմանավորված է դրանց` փոքրիկ քարերի նմանությամբ: Ձվերը խորհրդանշում են Հիսուսի գերեզմանի վրայից գլորված քարը և հիշեցնում այն մասին, որ Զատկի առավոտյան Հիսուս ելավ գերեզմանից:
Անցյալում Զատիկը հայտնի էր որպես «Ուրախության կիրակի»: Մարդիկ այնքան էին ուրախանում Հիսուսի Հարությամբ, որ տոնը նշում էին պարերով, սպորտային և ժողովրդական խաղերով և կատակներով: Այդ օրն աշխատանքը և առևտուրը դադարում էր, խանութները փակվում էին, դատարանները չէին գործում: Աղքատներին դրամ էին տալիս, ստրուկներն ազատ էին արձակվում: Զատիկն ուրախ և անմոռանալի տոն էր, որը փոխում էր մարդկանց կյանքը: