Հովհաննես Թումանյան
Ճամփորդները
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։
― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։
― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։
― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։
― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։
― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։
― Որտե՞ղ է ընկերդ։
― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։
Ծիտը
Լինում է, չի լինում մի ծիտ։
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է.
— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։ Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։
Պառավն ասում է.
— Փուշը թոնիրն եմ գցել։
Ծիտը կանգնում է, թե՝
— Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է.
— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես. անհաց ուտում։ Ա՛յ լոշը ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։
Հովիվն ասում է.
— Կերա։
— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.
— Ի՞նչ եք մոլորել։ Ա´յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պլստեմ։
Գնում է, գալի, թե՝ իմ գառը տվեք։
Ասում են.
— Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք։
Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։
Ու հարսին առնում է թռչում։
Գնում է, գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։
Ասում է.
— Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր։
Աշուղը ասում է.
— Հարսը գնաց իրենց տուն։
Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ։
Աշուղը սազը տալիս է իրեն։
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։
ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։
— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.
— Դե գնա ինձ համար ջուր բեր։
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։
— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղբյուրն ասում է.
— Դե գնա կուժ բեր։
Աղվեսը գնում է աղջկա մոտ։
— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղջիկն ասում է.
— Դե գնա ուլունք բեր ինձ համար։
Աղվեսը գնում է չարչու մոտ։
— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Չարչին ասում է.
— Դե գնա ինձ համար ձու բեր։
Աղվեսը գնում է հավի մոտ։
— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Հավն ասում է.
— Դե գնա ինձ համար կուտ բեր։
Աղվեսը գնում է կալվորի մոտ։
— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։
Երկինքը փուլ է գալիս
Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ-ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:
– Վայ, Հավիկ-Մարիկ,- կանչում է հետևից,- երկինքը փուլ է գալիս:
– Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հավիկ- մարիկը:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ- Մարիկը:
Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
– Վա~յ, Բադիկ-Տատիկ,- կանչում է Հավիկ-Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-ճուտիկն է ասում:
– Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ-Խաթունը:
Վազում են, վազում, հասնում են Հնդու-Թնդուին:
– Վա~յ, Հնդու-Թնդու,- կանչում է Սագիկ-Խաթունը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հնդու-Թնդուն:
– Բադիկ-Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Հավիկ-Մարիկն է ասում:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ–Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու-Թնդուն:
Վազում են, վազում, հասնում են Աղա-Աղվեսին:
– Աղա-Աղվես, Աղա-Աղվես,- կանչում է Հնդու-Թնդուն,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հնդու-Թնդու, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:
– Սագիկ-Խաթունն է ասում:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար:
– Բադիկ–Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ- Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ-Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:
– Էդ ի՞նչ եք ասում,- ասում է Աղա-Աղվեսը,– եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա:
Ճստիկ-Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ-Տատիկը, Սագիկ-Խաթունը, Հնդու-Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա –Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:
Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ դուրս չեն եկել:
Անհաղթ աքլորը
Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․
— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․
Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։
Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։
Աքլորը կանչում է․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․
Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․
— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․
Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։
Աքլորն էլի կտուրն է բարձրանում․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․
Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․
— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։
Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․
Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․ [ 215 ] — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․
Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․
— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․
Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․
— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․
Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։
Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։
Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․
— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․
— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։
Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։
Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․
— Ծուղրուղո՜ւ․․․
Սուտասանը
Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։
Գալիս է մի հովիվ։ Ասում է.
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։
Գալիս է մի դերձակ։ Ասում է.
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։
— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։
Աթաբեկ Խնկոյան
Պապն ու շաղգամը
Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ։
Շաղգամն աճեց, մեծացավ,
Պապը տեսավ, զարմացավ։
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամը հողից չհանեց։
Պապը կանչեց տատիկին։
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Տատը կանչեց թոռնիկին։
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Թոռը կանչեց շնիկին։
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Շունը կանչեց փիսոյին։
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից,
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեց։
Հարցեր և առաջադրանքներ:
- Պապը շաղգամը որտե՞ղ ցանեց:
- Երբ զարմացավ պապը:
- Ո՞վքեր փորձեցին շաղգամը հանել:
- Փիսոն ո՞ւմ էր կանչել, փիսոյին ո՞վ էր կանչել:
- Ովքեր կգային օգնելու, եթե պապը գազար ցանած լիներ:
Ես
Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
-Դո՜ւ…
— Ոսկեհատիկ ագռա՛վ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.
— Իհա՜րկե ես…
Կտուցը բաց անելուն պես, խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց:
Ոսկե ձվիկը
ՈՍԿԵ ՁՎԻԿԸ
(Ռուսական)
Պապի, տատի չալ հավիկ
Ածեց ոսկե մի ձվիկ.
Տո՜ւր որ տվեց Պապիկը,
Բայց չկոտրեց ձվիկը.
Տո՜ւր որ տվեց Տատիկը,
Բայց չկոտրեց ձվիկը.
Մին էլ վազեց մկնիկը,
Պոչահարեց ձվիկը,
Ձվիկն ընկավ կոտրվեց:
Լաց է լինում Պապիկը,
Լաց է լինում Տատիկը,
Կըռկըռում է հավիկը.
— Մի՜ լար, Պապի՜կ,
Մի՜ լար, Տատի՜կ,
Նորից կածեմ ես մի ձվիկ.
Ձվիկ, ձվիկ,
Ձվեղեն,
Էլ չի լինի ոսկեղեն:
Փեսացու մուկիկը
Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Միայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար–բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։
Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
—Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ–փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։
Մուկը վազեց
Հասավ քամուն.
—Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ–փաթիլ
Ու կքամես
Կաթի–կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։
Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
—Գոմե՛շ,—ասավ,—
Դու հզոր ես,
Դու. հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.
—Հզոր գութան,—
Ասավ,— մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜–քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։
—Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,—
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ–մեկ, հատ–հատ։
Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
—Նանի՛ ,—ասավ,—
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ–նազիկ,
Շեկլիկ–մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։
Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։
Ծիտն ու Բազեն Ղ. Աղայան
Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛յ – հեյ՛ – հե՛յ…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…
Ով աշխատի, նա կուտի
Ռուսական ժողովրդական հեքիաթ
Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:
Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.
— Հատիկ եմ գտե~լ, հատիկ եմ գտե~լ: Ո՞վ կտանի աղալու:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Ի՞նչ աներ հավիկը: Հատիկը ջրաղաց տարավ, աղաց:
— Ալյուրն ո՞վ տուն կտանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը ալյուրը շալակեց, տուն տարավ:
— Ո՞վ խմոր կանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը խմոր հունցեց:
— Թոնիրը ո՞վ կվառի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը թոնիրը վառեց:
— Հացն ո՞վ կթխի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը հացը թխեց, դրեց սեղանին:
— Հացն ո՞վ կուտի, — հարցրեց հավիկը:
— Ես, — գոչեց ծիտիկը և մոտեցավ սեղանին:
— Ես, — գոչեց մուկիկը և մոտեղցավ սեղանին:
Հավիկը նրանց սեղանից հեռացրեց և ինքը մենակ կերավ հացը:
Ձեռնոցը
Ուկրաինական ժողովրդական հեքիաթ
Անտառով գնալիս մի ծերունի կորցնում է ձեռնոցը: Մուկը գալիս,մտնում է մեջը և ասում.
-Ինչ տաքուկ է,էստեղ էլ կապրեմ:
Ցատկոտելով գալիս է գորտը:
-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ես Ճսճստան մկնիկը:Իսկ դու ո՞վ ես:
-Ես Կռկռան գորտն եմ:Ներս չե՞ս թողնի,-խնդրում է գորտը:
-Ինչու չէ:
Սկսում են երկուսով ապրել:Մեկ էլ նապաստակն է վազելով գալիս,տեսնում է ձեռնոցը և հարցնում.
-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճստճստան մկնիկը,Կռկռան գորտը:Իսկ դու ո՞վ ես:
-Ես Արագավազ շլդիկն եմ:Ինձ էլ ներս չե՞ք թողնի:
_Դե լավ,արի:
Երկուսը երեք են դառնում:Մեկ էլ գալիս է աղվեսը և հարցնում.
-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը:Իսկ դու ո՞վ ես:
-Ես Աղվես քույրիկն եմ:Ի՞նչ կլինի,ինձ էլ ներս թողեք:
_Դե լավ,դու էլ արի:
Սկսում են արդեն չորսով ապրել:Մեկ էլ գայլն է գալիս,պտտվում ձեռնոցի շուրջը և հարցնում:
-Ով է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը:Իսկ դու ո՞վ ես:
-Ես էլ Գորշ գայլն եմ:Ինձ էլ ներս թողեք:
-Դե լավ,ներս արի:
Գայլն էլ է ներս մտնում,դառնում են հինգը:Մեկ էլ որտեղից որտեղ վարազն է գալիս:
-Խռա-խռա, ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշ գայլը:
Իսկ դու ո՞վ ես:
-Խռա-խռա-խռա,ես էլ Ժանիք վարազն եմ: Ինձ էլ ներս թողեք:
-Այ քեզ փորձանք: Ով գալիս է, ինձ էլ ներս թողեք:Ախր տեզ չկա,ուր մտնես:
-Լավ էլի,ներս թողեք:
-Դե լավ,ներս մտիր,մեկ է մտնելու ես:
Վարազն էլ է մտնում:Դառնում են արդեն վեցը,տեղերն այնքան է նեղանում,որ էլ ճար չի լինում:Մեկ էլ թփերը կոխոտելով,ճռթճռթացնելով գալիս է արջը,ձեռնոցի շուրջը պտտվում ու թե.
-Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
-Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը,Աղվես քույրիկը,Գորշ գայլը,Ժանիք վարազը:Իսկ դու ո՞վ ես:
-Օ-հո-հո,ինչ շատվոր եք:Ես Մռմռթան արջն եմ:Ինձ էլ ներս թողեք:
-Ո՞ւր թողնենք,առանց քեզ էլ տեղներս նեղ է:
-Դե լավ,մի բան արեք:
_Էհ,ինչ արած,մտիր մի կերպ:
Արջն էլ է մտնում,դառնում են յոթը:Ձեռնոցն արդեն ճղվելու վրա է:
Հանկարծ ծերունին նայում է տեսնում,որ ձեռնոցը կորցրել է:Հետ է դառնում,ման է գալիս, ման, շունն էլ առջևից է վազում: Վազում է,վազում,մեկ էլ տեսնում է պապի ձեռնոցը գալարվում է իրեն -իրեն: Որ չի հաչում.«Հաֆ-հաֆ-հաֆ», գազանները վախից դուրս են պրծնում ձեռնոցի միջից,ցրվում անտառով մեկ:
Ծերունին գալիս է,ձեռնոցն առնում ու գնում: