Հեղինակ՝ Սարգսյան Անի
Այս գարունը նման չէր և ոչ մի գարնան, որ աշխարհը տեսել է, թեև աշխարհը բազում դժվարություններ է տեսել ու պատվով հաղթահարել դրանք: Երկրագնդին պատուհասած թագավարակի համաճարակը փոխեց մարդկության կյանքի ընթացքն ու պլանները: Կրթական համակարգը, թերևս, ամենաշատը տուժեց ՝ թողնելով աշակերտներին ու ուսանողներին ուսումնական տարվա կեսճամփին: Փակվեցին բոլոր ուսումնական հաստատությունները՝ անորոշ ժամանակով բաժանելով իրարից դասընկերներին, ուսուցիչներին: Թվում էր, թե կրթական ոլորտը կաթվածահար է լինելու: Բարեբախտաբար,սակայն,մենք ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարում, երբ համացանցը լուծում է գրեթե բոլոր խնդիրները՝ կապելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց,վերացնելով սահմաններն ու հեռավորությունը: Եվ մարդիկ, այս օրերին գտնվելով ինքնամեկուսացման մեջ, առավել քան երբևէ ունեն իրար՝ թեկուզ էկրանից այն կեղմ տեսնելու կարիքը: Նրանք հեռավար կերպով նշում են իրենց տարեդարձերը և նույնիսկ հարսանիքիները, սակայն ամենամեծ օգուտը, որ կարող է տալ հեռավար հաղորդակցությունը, դա հեռավար ուսուցման հնարավորությունն է: Ես այն երջանիկներից եմ, ում երեխաները սովորում են մի կրթական հաստատությունում, որտեղ շատ վաղուց է կիրառվում հեռավար ուսուցման պրակտիկան: Հեռավար ուսուցումն ինձ համար երեք բացասական կողմ ունի՝ ավելի շատ ժամանակ է անց կացվում համակարգչի առջև, որը բերում է տեսողության վատթարացման, երբեք չի կարող տալ այն ծավալի գիտելիք, որը աշակերտը կստանա դասարանում , ուսուցչի հետ անմիջական շփման արդյունքում,և այն ցավոտ փաստը, որ փոխարինում է իրական, մարդկային կենդանի շփմանը: Մնացածը, թերևս, միայն դրական է: Հեռավար ուսուցումը հնարավոր է լինում իրականացնել ցանկացած վայրից՝ աշակերտին հարմար տարբերակով,նախապես հարմարեցված ժամանակացույցով, աշակերտը հնարավորություն ունի դասապատրաստում իրականացնել իրեն հարմար ժամի և արագությամբ,ուսուցչի հետ մշտական հաղորդակցման միջոցով, միևնույն ժամանակ հնարավորություն ունենալով դադար տալու և հանգստանալու: Սա նաև լավ հնարավորություն է ծնողի համար ՝ հետևելու, թե ինչպես է ընթանում դասը, և ինչ մեթոդով է այն մատուցվում իր երեխային, ինչո՞ւ ոչ, նաև ինչ-որ մի նոր բան ամեն անգամ սովորելու կամ վերհիշելու:Այսօր,տղաս՝ Արենը, տեսադաս ուներ ընկեր Մարիամի հետ , որի ընթացքում սովորում էին, թե ինչպես պետք է մոնտաժել սեփական տեսանյութերը ՝ օգտագործելով համապատասխան գործիքներ: Շատ օգտակար դաս ՝ օգնելու աշակերտին ևս մեկ քայլ անելու ինքնուրույն: Էլ չեմ ասում, որ հմտորեն վարում է սեփական բլոգը և դեռ մի բան էլ ինձ հետ կիսվում իր գիտելիքներով:
Հեռավար ուսուցումը բավականին արդյունավետ է կիրառվում նաև նախակրթարանում, որտեղ դաստիարակների՝ ընկեր Սոնայի և ընկեր Լիլիթի բլոգներից կարելի է վեցնել բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ,հորինուկներ, նախագծերի գաղափարներ և իրականացնել երեխայի հետ: Հաճախ աղջկաս հետ թերթում ենք մեր դաստիարակների բլոգները, դիտում տեսանյութերը, սաներին հիշում անուններով ու երաժշտական տեսանյութերին ձայնակցում: Կարելի է պատկերացնել, թե որքան հոգատար ու սիրող դաստիարակներ ունի իմ դուստրը, որ երկու ամիս նրանցից հեռու գտնվելով՝ ամեն օր հիշում է ու կարոտով խոսում նրանց մասին:
Կեսկատակ,կեսլուրջ կասեմ,որ,թեև մենք շատ համերաշխ և երջանիկ ընտանիք ենք, բայց հենց հերթը հասնում է ընտանեկան նախագծերին, յուրաքանչյուրս մի-մի բարձ ենք վերցնում՝ վրան բղավելու և մի թաշկինակ՝ նյարդային պոռթկումներից առաջացած արցունքները սրբելու համար: Եվ այս դաժան տարբերակով հասցրել ենք մասնակցել գրեթե բոլոր նախագծերին ՝ Ընտանեկան ալբոմներ, Զատկական խաղեր, Մեր այգին , Ծաղկատունկ , Կոմիտասի մասին , Մարզական առավոտ : Միևնույն ժամանակ հիանում եմ տղայիս համադասարանցիներից և աղջկաս խմբակիցներից ոմանց աշխատանքներով,որտեղ նախաձեռնողը երեխան է:Սա ևս նշանակում է, որ հեռավար ուսուցումը հնարավորություն է տալիս երեխային շարունակել ստեղծագործել և զարգացնել գիտելիքները, հմտություններն ու տաղանդը:
Հեռավար ուսուցումը, սակայն , մի քանի անգամ բարդացնում է ուսուցչի աշխատանքը: Ունենալով բազում կենցաղային ու ընտանեկան հոգսեր, ուսուցիչը ստիպված է լինում աշխատել առանց սահմանված աշխատաժամի, հասցնել ամեն օր նոր ուսումնական պլան մշակել, ստուգել ու արձագանքել յուրաքանչյուր աշակերտի տնային հանձնարարություններին, ուշի ուշով հետևել նրա անհատական բլոգին, բլոգավարությանը, աջակցել նրան ցանկացած հարցում և առաջնորդել:Ես երախտապարտ եմ մեր ուսուցիչներին ՝ Անահիտ Մելքոնյանին, Միլենա մանուչարյանին , Վիկտորյա Հովսեփյանին , Առնոլդ Միքայելյանին և դաստիարակներին, որ կարողանում են այնպես կազմակերպել ուսումնական պրոցեսը, որ թե՛աշակերտը,թե՛ նախակրթարանի սանը հնարավորություն ունենան ամեն օր սովորելու նորը, անել դա հաճույքով և շարունակել զարգանալ՝ մնալով տանը:
Հ.գ. Այս դիտարկում-հոդվածը պատրաստելիս սովորեցի , թե ինչպես կարելի է բառի վրա հղում տեղադրել J